Երբ թիմերը դաշտում են ու խաղի մեջ, պահեստայինների նստարանի մասին խաղադաշտում համարյա մտածող չի լինում: Պահեստայինների նստարանը հիշում են, երբ դաշտում ինչ-որ մեկի խաղը չի ստացվում կամ վնասվածք է ստանում: Հիշում է մարզիչը, որ գիտի բոլորի տեղն ու դերը՝ դաշտում ու դաշտից դուրս: Խաղի պահին դաշտում նրա չափ իշխանություն ունի մեկ էլ դատավորը, որ կարող է տեսնել կամ չտեսնել արգելված հնարքները, դեղին ու կարմիր քարտեր ցույց տալ, տուգանային հարվածներ նշանակել, գոլերը չհաշվել, 11-մետրանոց նշանակել վերջին րոպեին: 45+45 րոպե դատավորը դաշտի տերն է: Բայց նրան ոչ ոք չի նկատում, նրա «խաղը» ոչ մեկին չի հետաքրքրում: ՈՒշադրության կենտրոնում սովորաբար երեքն են՝ դարպասապահը, հարձակվողը և գնդակը: Ի՞նչ պահեստայինների նստարան: Մինչդեռ հաղթում է թիմը, որ ունի 11+11 պահեստայինների նստարան, որի խաղացողները ցանկացած պահի խաղի մեջ մտնելով՝ լիարժեք փոխարինում են ու փոխում են խաղը: 45+45 րոպե և այն րոպեներին, որ ավելացնում է դատավորը:
Ֆուտբոլը՝ ֆուտբոլ, նկատե՞լ եք, որ ազգովին պահեստայինների նստարանին ենք, այն էլ՝ ընդմիջմանը: Առաջին 45 րոպեն ավարտվել է, ընդմիջումը մեր «ֆուտբոլում» ոչ թե 15 րոպե է, այլ հաջորդ 45 րոպեն սկսվելու է մեկ տարի հետո՝ 2018-ին: ՈՒ այս «15 րոպեում» մենք միայն քննարկում ենք, թե ով է դաշտ դուրս գալու: Վերջ: ՈՒրիշ հարց չկա՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը կդառնա վարչապետ: Աբսուրդ: Որևէ մեկը հարց տվե՞լ է, թե ի՞նչ տարբերություն: Համակարգ փոխվո՞ւմ է անձի փոփոխությամբ: ՀՀԿ նախագա՞հը, թե՞ ՀՀԿ առաջին փոխնախագահը Հանրապետության հրապարակ կգնա, ի՞նչ է փոխվելու միջին վիճակագրական հայի կյանքում: Հարցը երկու անհայտով հավասարման մեջ փակելով՝ ամուր կողպում ենք պահեստայինների նստարանի դուռը: Մեկը կամ մյուսը: ՈՒրիշը չկա: ՈՒրիշը չկա՞: Շատ լավ էլ կա: ՈՒրիշները կան: Բայց նրանք երբեք դաշտ դուրս չեն գա՝ համակարգը կփակի նրանց մուտքը: Համակարգի առաջնային խնդիրներից մեկը դա է՝ ինքնապահպանությունը: Պահեստայինների նստարանի ոչնչացումը: Դրսում: Իր ներսում: Համոզվեցի՞ք, որ նոր ոգի ոչ ՀՀԿ-ին, ոչ ձեզ պետք չէր, սիմվոլ էլ պետք չէր: Նոր խորհրդարանը մի քանի նիստ է արել՝ ՀՀԿ-ի նոր «ոգի»-ներով, նորություն կա՞ր՝ նախկինի համեմատությամբ:
Նրանք շարունակում են հարցերին պատասխանել հների նման ու լուծումները հանգեցնել մոգական 2018-ին: Միայն այդ ժամանակից նոր Սահմանադրությունը լիովին կգործի պատրվակով: Միայն 2018-ից հետո կկազմավորվի նոր ու իսկական կառավարությունը: 2018-ին կկատարվեն կառավարության իսկական կառուցվածքային փոփոխությունները: 2018-ին կլինեն կառավարության իսկական կադրային փոփոխությունները: 2018-ին կպարզվի անգամ՝ ԱԺ ընտրված նախագահը պաշտոնավարո՞ւմ է, թե՞ փոխվում: Արա Բաբլոյանը կարծում է, որ եթե արդարացնի իրեն, կշարունակի աշխատել 2018-ից հետո: ՈՒ նա փորձում է արդարացնել: Իզուր: Արա Բաբլոյանը կարող է հիանալի աշխատել՝ հետևելով Կանոնակարգին ու տրամաբանությանը, հենց դա կլինի նրա սխալը: Նրանից ոչ թե աշխատանք է պահանջվում, այլ ենթակայություն: ՀՀԿ-ի արխայիկ մտածողությունը մեծամասնության իրավունքով իր կնիքն է դնում արխայիկ մտածողության արգասիքներին օրինագծերի տեսքով ու փակում հարցը: Հարց՝ ինչո՞ւ էր այդքան կարճ ՀՀԿ-ի պահեստայինների նստարանը: Ինչո՞ւ չգտնվեց որևէ նոր դեմք: Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը վաղուց նոր չեն ոչ ՀՀԿ-ի, ոչ դեմքի առումով: Ոչ էլ պաշտոնի: Եթե ամբողջ հանրապետության բոլոր երիտասարդ կարիերիստները իրենց կարիերայի միակ հաջողություն բերող մեկնակետը համարում են ՀՀԿ-ի տանիքը, ինչո՞ւ ոչ մեկի բախտը չի բերում, քանի դեռ երիտասարդ են:
Մի քանի տարբերակ կա.
1. ՀՀԿ-ում գնահատվում են խելքը, տաղանդը և ազնվությունը, ՀՀԿ-ն դավանում է արդարության սկզբունք ու մերժում է կարիերիստներին:
2. ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է և ժամանակ է պահանջում՝ համոզվելու, որ նրանք տիրապետում են կուսակցական գաղափարախոսությանը և ճշմարիտ նժդեհականներ են կյանքի բոլոր հանգամանքներում:
3. ՀՀԿ-ն չի գնահատում իր կադրերին, օգտագործում ու դեն է նետում:
4. ՀՀԿ ավագները չեն համարում, որ հասել է իրենց փոխարինելու ժամանակը:
5. Չկա հասարակական պահանջարկ՝ էլիտայի փոփոխությունը օրակարգում չէ:
6. ՀՀԿ-ն իշխանություն է, իշխանությունը գնահատում է կայունությունը և զրո փոփոխությունը իր ու իր շրջապատի կյանքում:
7. Ո՞Ւմ ինչ գործն է, թե ինչու ՀՀԿ-ում կյանքը 40-ից հետո է սկսվում:
Մի տարբերակ էլ կա՝ 2018-ին են սպասում:
Ի սկզբանե բացառեք 1-ին, 2-րդ, 5-րդ տարբերակները, մյուսների մասին մոռացեք: Դուք էլ սպասեք 2018-ին: Ու կտեսնեք, որ բարդ խաղ չկար ու չկա՝ ՀՀԿ-ն ունի նախագահ և կունենա վարչապետ նրան, ով իր նախագահն է: Ինչո՞ւ ոչ: Գաղջ, շատ գաղջ էր մթնոլորտը: Ապահովություն էր պետք: Անվնաս ապահովություն: Նախկիններն արդեն չէին ապահովում փորձի մաքրությունը՝ ում մի քիչ իշխանություն էր տրվում, փորձում էր քայլ առաջ անել՝ նշանակետ նախագահականն ունենալով: Կարծում էր՝ ինքը կարող է և ունակ տեղական նշանակության որոշումներից բացի՝ այլ որոշումներ ընդունել: Մոռանում էր 6-րդ կետի հիմնարար նշանակությունը երկրի ու յուրաքանչյուր պաշտոնյայի կյանքում: Հարկադրված՝ Սահմանադրություն փոխվեց, որ նախագահի պաշտոնը դադարի գայթակղիչ լինել պաշտոնյաների համար ու դադարի ընտրովի լինել ժողովրդի համար: Ընդլուսնյա աշխարհում նոր ոչինչ չկա: Բոլոր պետություններն ունեն ցուցափեղկի սինդրոմ՝ ցուցափեղկում են նվաճումները, հաջողությունները, գաղափարները՝ ազնիվ, վեհ, մարդասիրական ու ժողովրդավարական, ցուցափեղկից ներս, ուր քչերն են խորանում, խնդիրներն են, ձախողումները, կյանքը՝ ինչպես կա: ՀՀԿ-ին էլ ցուցափեղկ էր պետք, իսկ ցուցափեղկից ներս ամեն ինչ նույն գաղջ ու տաղտուկն է:
Եվ հետո՝ քառորդ դարը բավարար ժամանակ էր, որ ընտելանայինք՝ կա իշխանություն, կանք մենք: Իշխանությունն իր համար է, մենք՝ մեզ համար: Նա իր մասին է մտածում, մենք՝ մեր: Միայն մեկ դեպք կա, երբ վերանում է տարբերությունը՝ արտաքին վտանգը: Միայն այդ դեպքում՝ կա, թե չկա իշխանություն, գլխավորը դառնում է պետությունը, ու բոլորս դառնում ենք զինվոր: Վտանգը թուլանալուց հետո գնում ենք մեր գործին: Փաստացի՝ ապրում ենք ոչ թե գիտակցությամբ, այլ բնազդով: Ինքնապահպանության բնազդը թելադրում է պաշտպանվել՝ կռվում ենք, ասում է՝ ազատ եք, մեր գիտակցությունն անջատվում է մինչև բնազդի նոր ազդանշանը:
Մենք իսկապես չենք գիտակցում, որ աշխարհի միակ զենքը, որի դեմ հակազենք չկա, ինտելեկտն է: Ինտելեկտը չի հանդուրժում ստանդարտ լուծումներ ու փակուղիներ, ինտելեկտը ստիպում է թերությունները դարձնել առավելություն ու երբեք չհանձնվել: Ինտելեկտը բացառում է գորշությունն ու տաղտուկը, պատահում է՝ սխալվում է, հետո ինչ, շտկում է ու շարունակում: Մեզ ընտելացրել են կեղծ գաղափարին, որ Հայաստանը փոքր երկիր է, հանքահումքային ռեսուրսներ չունի, էներգակիրները պիտի ներկրի մեկ երկրից, հաղորդակցուղիները սահմանափակ են, մի խոսքով՝ թույլ ենք և ուժեղանալու հիմքեր չունենք: Համոզել են, որ պատերազմի պատճառով զարգանալու հնարավորություն չունենք: Անընդհատ ներշնչում են, որ կախված ենք այս ու այն երկրի այս ու այն նախագահի առավոտյան աջ կամ ձախ ոտքի վրա վեր կենալուց: Որ չորս հարևաններից երկուսը թշնամի են, երկուսն էլ բարեկամ չեն: Որ այդպես է ու այդպես պիտի մնա: Որովհետև մեզնից ոչինչ կախված չէ, մենք փոքր ու թույլ պետություն ենք՝ գերտերությունների շահերի խաչմերուկում, առավելագույնը, որ թույլատրված է՝ կենսապահովման զամբյուղը լցնելն է նրանց վարկերի հաշվին, որից՝ ինչքան կհաջողվի: Մեր ինտելեկտը դրված է մտածողության փակագծերի մեջ, դուրս գալը անհնար ու անիմաստ է հայտարարված: Ո՞վ ասաց: Ինչո՞ւ ենք մեզ ազգովին նստեցրել պահեստայինների նստարանին ու արտոնել միայն պարբերաբար՝ 45+45 րոպե, խաղը նայելու հնարավորություն, ի սկզբանե ընդունելով, որ դատավորը դաշտի տերն է ու մենք չենք դատավորը: Ո՞վ ասաց, որ փոքր երկիր լինելը մեծ առավելություն չէ, որ մեր աշխարհագրական դիրքը մեզ չի տալիս առավելություններ, որ չունեն մայր ցամաքների կենտրոնում ապրող ազգերը: Ո՞վ ասաց, որ ծով չունենալը դատավճիռ է: Ինչո՞ւ ենք կաղապարել մեզ ու մտել պատյանի մեջ, որտեղ ոչ անխոցելի ենք, ոչ հարգանքի արժանի, ոչ հարմարավետված:
Էլիտայի փոփոխություն է պետք, բայց ոչ իշխանական էլիտայի: Մտածող էլիտայի, որ գուցե չի էլ գիտակցում իր էլիտա լինելը: Պարզապես հասկացել է, որ պարապ նստի ու նվնվա՝ ոչինչ չի փոխվի: Սպառող ու թուլակամ, ունայնամիտ ու աղքատ, ագահ ու տգետ՝ սա՞ է այսօրվա հայը: Պրագմատի՞զմն է դա թելադրում, թե՞ կոնֆորմիզմը կյանքի նշանաբան դարձնելը: Բյուջեն փող չունի, պետք է փակել դպրոցները: Օպտիմալացման անվան տակ: Չորս-հինգ աշակերտով դպրոցում աշակերտ ավելացնելու փոխարեն դպրոց փակող պետությունը ինքն իրեն ավելորդ է դարձնում: Դա արտագաղթի հոգեբանությունն է՝ գյուղում աշակերտ չի մնացել, թող շրջկենտրոն գնա, շրջկենտրոնում չի մնացել, թող Երևան գա: Երևանից էլ կարտագաղթի արտասահմանում սովորելու՝ Հայաստանում կրթությունը ապագա չի երաշխավորում: Դպրոց-մանկապարտեզներից հետո կփակենք հիվանդանոցները՝ մեկ է, հիվանդ չկա: Բուժումը մատչելի դարձնելու փոխարեն: Հիվանդին բուժելու փոխարեն՝ հիվանդություն բուժող բժիշկներին էլ կուղարկենք արտասահման՝ վերապատրաստվելու, կեսը չի վերադառնա: ՈՒ կմնան Հայաստանում միայն խանութներն ու ոստիկանները: ՈՒ մի օր էլ ոստիկանները բերման կենթարկեն մոլեր ու սուպերմարկետներ չգնացողներին, նրանց դեմ վկայություն կտան դատարաններում իբրև տուժող կողմ, ու արդար դատավորները նրանց կդատապարտեն ցմահ խանութ գնալու՝ նշելով միայն որոշակի խանութների հասցեները: Փակեք նաև թատրոնները: Ցուցասրահները: Համերգասրահները: Ավելորդ ծախս է: Հայ ժողովուրդը վաղուց իր կոթողները կառուցել է, կտավները նկարել, երաժշտությունը հնարել, երգել, պարել, բեմադրել ու կարիք չունի նորից անելու: Քանդեք հուշարձանները՝ տեղում հյուրանոցներ կառուցեք: Փակեք թատրոնները՝ տեղում բացեք սրճարաններ, ռեստորաններ: Դերասանները թող մատուցող դառնան, կամ՝ սերիալներում խաղան, կամ՝ անցնեն խոհանոց՝ քյաբաբ, շաուրմա, խաշ, լավաշ: Եվ գինի: Կոնյակը թանկ է, օղին՝ ջրահամ: Ծխախոտն էլ սեպտեմբերից եռակի թանկանալու է: ԵԱՏՄ-ում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Պահեստայինների նստարանին ապրած կյանքի համար ոչ մի մարզիչ մեղավոր չէ: Մարզիչն ընտրում է լավագույնին՝ նրան խաղի որակը չի հետաքրքրում, հետաքրքրում են խաղացողի որակը ու խաղի հաշիվը, որից կախված է իր կյանքի որակը: Առավել ևս՝ մարզիչը մեղավոր չէ դատավորի սխալի համար: Եթե ի սկզբանե ձեզ համար ընտրել եք հանդիսատեսի տեղը, իրավունք չունեք ոչ մարզչին, ոչ խաղացողներին մեղադրել վատ խաղի համար: Նրանք խաղում են այն խաղը, որ թույլ է տալիս մրցակիցը: Ի վերջո, ֆուտբոլ խաղում են ոչ թե ոտքով, այլ գլխով: Հեռացեք ֆուտբոլից, եթե ձեր գոլերը ուրիշներին եք թողնում խփել: Խաղը, խաղադաշտը, խաղացողներին փոխելն է էլիտայի էլիտարության ապացույցը:
Պաշտպանական բնազդը թելադրում է ենթարկվել աբսուրդին, բայց ամբողջ կյանքում չես կարող միայն պաշտպանվել կյանքից: Ոչ էլ մահից: Խաղն ավարտված է, դատավորը սուլում է, իսկ դուք չեք խփել ձեր գոլը… ՈՒ՝ ի՞նչ: